ՀՀ պաշտպանության նախարարության, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ), Թրանսփարենսի Ինթերնեշնլ Մեծ Բրիտանիայի (ՄԲ) ներկայացուցչության և ՄԲ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցել են Երևանում կայացած երկօրյա քննարկմանը՝ արծարծելու հաշվետվողականության և բարեվարքության ամրապնդման մեխանիզմները պաշտպանության հաստատություններում:

Միջոցառումը երեք հիմնական նպատակ էր հետապնդում. առաջին՝ քննարկում ծավալել այն մասին, թե ինչպես կարող են պաշտպանության նախարարությունն ու քաղաքացիական հասարակությունը համատեղ աշխատել կոռուպցիոն ռիսկերին անդրադառնալու առումով, երկրորդ՝ տեղեկատվություն տարածել այդ ոլորտում պաշտպանության նախարության և ԹԻՀԿ-ի կատարած աշխատանքի վերաբերյալ, երրորդ՝ որոշել հետագա համատեղ աշխատանքի ոլորտները: Միջոցառումը նաև պաշտպանության ոլորտի և ռազմական հաշվետվողականության վերաբերյալ պրոֆեսիոնալ զարգացման հնարավորություն է ընձեռել ԹԻՀԿ-ին:

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է բարեփոխումները ՀՀ պաշտպանության ոլորտում և Հայաստանի պարտավորությունները ՆԱՏՕ-ի Բարեվարքության ամրապնդման նախաձեռնության ուղղությամբ:

ԹԻՀԿ-ը ներկայացրել է իր կողմից կատարված կոռուպցիոն ռիսկերի գնահատման ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց Հայաստանը բարձր կոռուպցիոն ռիսկեր ունեցող երկրների թվում է:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունը և ՄԲ պաշտպանության նախարարությունը ներկայացրել են պաշտպանության ոլորտի հաշվետվողականության և պաշտպանության նախարարությունների ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցության միջազգային փորձը:

ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ԹԻՀԿ-ը քննարկել են այնպիսի գործողություններ, որ անհրաժեշտ են բարելավելու պաշտպանության ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Նրանք նաև վեր են հանել ՀՀ պաշտպանության նախարարության և ԹԻՀԿ-ի կողմից կարևորվող 4 ոլորտներ, որոնցում նախարարությունը կարող է հենվել ԹԻ ՄԲ ներկայացուցչության և ԹԻՀԿ-ի փորձագիտական աջակցության վրա: Այդ ոլորտները ներառում են

1. ահազանգողի պաշտպանության և բողոքարկման մեխանիզմների վերանայումը և հզորացումը
2. խորհրդարանի կողմից պաշտպանության ոլորտի բյուջեի վերաբերյալ տեղեկատվության ստացման հնարավորությունն ու ոլորտի վերահսկման պրակտիկան բարելավելուն ուղղված առաջարկությունների ներկայացումը
3. ներդրումը Հանրայի ոլորտի տեղեկատվության պաշտպանության մասին օրենքի նախագծում
4. գնումների կանոնակարգերի և լավ փորձի բարելավումը: