Ս. թ. հուլիսի 16-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել է Հայաստանը երկրորդ համընդհանուր պարբերական դիտարկմանն (ՀՊԴ) ընդառաջ քննարկմանը: Նա բանախոսել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զեկույցների ներկայացման նիստին, որին հաջորդել է հարց ու պատասխանն ու քննարկումը: Համընդհանուր պարբերական դիտարկումը գործընթաց է, որն ընդգրկում է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններում մարդու իրավունքների վիճակի դիտարկում յուրաքանչյուր քառամյակը մեկ անգամ:

ՀՊԴ-ի գործընթացն առաջնորդվում է պետության կողմից և կատարվում Մարդու իրավունքների խորհրդի հովանու ներքո, որը յուրաքանչյուր պետության հնարավորություն է տալիս հայտարարել, թե ինչ միջոցառումներ են իրենք ձեռնարկել՝ բարելավելու համար մարդու իրավունքների պաշտպանության վիճակն իրենց երկրներում և կատարելու իրենց ստանձնած՝ մարդու իրավունքներին վերաբերող պարտավորությունները: