ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան ընդունվել է 2003 թ. և ուժի մեջ է մտել 2005 թ. դեկտեմբերին: Այն 170 մասնակից պետությունների կողմից ընդունված՝ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող առաջին գլոբալ իրավապարտադիր համաձայնագիրն է: Հայաստանը կոնվենցիան ստորագրել է 2005 թ. մայիսի 19-ին և վավերացրել է 2007 թ. մարտի 8-ին:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պատրաստած «ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի դրույթների կիրառման վերաբերյալ քաղաքացիական հասարակության զեկույցը» քննության է առել, թե որքանով է Հայաստանն իրականացրել և կիրառել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի գլուխ III-ի («Քրեականացումը և իրավապահ գործունեությունը») և գլուխ IV-ի («Միջազգային համագործակցություն») դրույթները: Զեկույցը միտված է նպաստելու այդ երկու գլուխներին առնչվող՝ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի հընթացս իրականացվող դիտարկման գործընթացին: 2010 թ. հուլիսին Հայաստանը վիճակահանությամբ ընտրվել է ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի իրականացման դիտարկման խմբի կողմից՝ գործընթացի երրորդ տարում կոնվենցիայի իրականացումը դիտարկման ենթարկվելու նպատակով: