«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԹԻՀԿ ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը ներկայացնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդական առաքելության գործունեությունը` անդրադառնալով նաև ընտրակեղծիքների կանխարգելման գործում մեդիայի, կուսակցությունների, քաղաքացիների դերին: Ըստ Գրիգորյանի` ընտրական պրոցեսի վերահսկողությունը մեծ ազդեցություն է ունենում, ուստի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը որոշել է հնարավորինս շատ դիտորդ ունենալ 2017 թ. ընտրություններում: Ընտրակեղծարարությունն իր բնույթով նաև իրավիճակային է: Երբ իշխանությունը տեսնում է, որ չի կարողանում իր համար ցանկալի արդյունք ապահովել, սկսում է տարբեր գործիքներ կիրառել: Քանի որ վարչական իշխանության գրեթե բոլոր լծակները ՀՀԿ վերահսկողության տակ են, փորձելու է տարբեր ձևերով օգտագործել վարչական տարբեր ռեսուրսներ` սկսած ՏԻՄ, մինչև համապետական մակարդակի, նախարությունների, տարբեր ոլորտների` իր իշխանության տակ գտնվող ռեսուրսները:

Ըստ Արմեն Գրիգորյանի` ընտրակեղծիքների մեծ մասը նաև տեղի է ունենում ընտրատեղամասից դուրս, որովհետև ընտրատեղամասը վերահսկվում է: Եթե ընտրատեղամասում վերահսկողություն չլինի, ապա ընտրախախտումնեըի մեծ մասը վերադառնալու է ընտրատեղամաս:

Մանրամասները` տեսանյութում

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է 2013 թ.: Այն ներկայումս գործարկվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունների կողմից։ Նախաձեռնության նպատակն է դիտարկել ընտրական գործընթացները Հայաստանում՝ ապահովելու դրանց համապատասխանությունը ՀՀ ընտրական օրենսդրության պահանջներին և ժողովրդավարության միջազգային չափանիշներին: