Media.am-ին տված հարցազրույցում Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադառնում է կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլերին, լրատվամիջոցների անկախությանը, լրագրողների դերին կոռուպցիայի դեմ պայքարում և մի շարք առանցքային հարցերի: Հոկտանյանը վստահ է, որ եթե Հայաստանում գործի օրինավորության ազգային համակարգը, լրատվամիջոցները կզգան, որ թիկունք ունեն: Այդ դեպքում կոռուպցիոն երևույթները բացահայտող լուրերը կհամարվեն հաղորդում հանցագործության մասին:

Նախ՝ անհրաժեշտ է, որպեսզի պետական առանցքային ինստիտուտները (դատական, գործադիր, օրենսդիր իշխանությունները, ընտրական համակարգը, Մարդու իրավունքների պաշտպանը, Վերահսկիչ պալատը և մյուսները) ունենան հակակոռուպցիոն դերակատարում և կոռուպցիան կանխարգելելու որոշակի գործառույթներ: Բայց շատ կարևոր է, որ դերակատարում ունենան նաև ոչ պետական ինստիտուտները՝ լրատվամիջոցները, կուսակցությունները, բիզնեսը, քաղաքացիական հասարակությունը (հ/կ-ներ, հիմնադրամներ և այլն): Հիմնական գաղափարն այն է, որ միայն պետական մարմիններով կոռուպցիան կրճատել հնարավոր չէ: Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալները, որոնք ամփոփվել են Եվրոպայի և Միջին Ասիայի երկրների համար, Հայաստանի դեպքում բավականին տխուր պատկեր է ստեղծվել հատկապես հասարակության վերաբերմունքի տեսակետից:

Մեր հասարակությունը սարսափելի անտարբեր է կոռուպցիայի հանդեպ: Այս ապատիայի իրավիճակում շատ անելիք ունեն հատկապես լրատվամիջոցները: Նրանց պետք են այնպիսի հատկանիշներ, որ կարողանան կոռուպցիան կանխարգելող ինստիտուտ դառնալ: Լրագրությունն այն ոլորտն է, որի մեջ ներդրված է մաքրման հնարավորությունը: Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ հիմա լրագրողների գործը նման է Մյունհաուզենի հնարքին (բռնում ես մազերից ու ինքդ քեզ հանում ճահճից): Բայց այդ հնարքը կարող է օգնել հանրությանը դուրս գալ ապատիայի թմբիրից:

Տես հարցազրույցը ամբողջությամբ Media.am-ում: