Ազատություն TV-ի հյուր քաղաքական վերլուծաբան, ԹԻՀԿ ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանն անդրադարձել է կառավարության կառուցվածքային փոփոխություններին` արդյո՞ք այդ փոփոխությունները պարզապես նորարարություն ցույց տալու միտում ունեն, թե՞ կարող են էական ազդեցություն ունենալ այդ կառույցների աշխատանքի որակի վրա: Ըստ Գրիգորյանի` իրականում այդ կառույցներն իրենց պարտականությունները նորմալ չէին կատարում քաղաքական կամքի պակասի պատճառով: Աշխատանքի բնույթի տեսանկյունից` կարևորը պարտականություններն են, de facto լիազորությունները և քաղաքական պրոցեսների վրա իրապես ազդելու հնարավորությունը: Արմեն Գրիգորյանի կարծիքով` որևէ ոլորտի զարգացման շարժիչ ուժը նախարարությունը չի: Պետական իշխանությունը պետք է հնարավորնս մինիմալ ներգործություն ունենա:

Նախարարությունը ինչքան քիչ ներգրավված լինի որոշակի ոլորտներում, այդքան ավելի քիչ կլինի կոռուպցիան և պետական ազդեցությունն այդ ոլորտի վրա: Հետխորհրդային երկրներում պետական կառույցները չեն կարողանում արդյունավետ կառավարում իրականացնել, ու երբ ներգրավվում են որևէ գործունեության մեջ, հիմնականում կոռուպցիայով են զբաղվում: Քաղաքացի-բիզնես կամ այլ ոլորտի շփումը պետական կառույցների հետ պետք է մինիմալի հասցնել:

Բարեփոխում նշանակում է մարտահրավեր նետել իշխանության հենարան status quo-ին, մոնոպոլիաներին: Իրական բարեփոխում հնարավոր է, եթե պատրաստ լինեն իշխանությունից հեռանալ` ինչը կլինի status quo-ի խախտում: Իշխանությունը ավտորիտար լինելով, թույլ չի տալիս, որ ներիշխանական ուժեղ պայքար լինի: Ավտորիտար ռեժիմում ընդդիմությունը թույլ է: Հայաստանում նորմալ ընդդիմություն ունենալու համար պետք է նորմալ ընտրություններ անցկացվեն, որպեսզի ընդդիմությունը ռեսուրսների սահմանափակության պայմաններում գոնե ընտրության միջոցով կարողանա իշխանության գալ:

«Քաղաքացի դիտորդի» ներկայությունը ազդեցություն է ունենում ընտրողի քվեն պահելու և ընտրական գործընթացը օրենքի տառին համապատասխան ընթանալու գործում: Առաջիկայում Գյումրիի և Վանաձորի ընտրություններում Քաղաքացի դիտորդը կծածկի բոլոր տեղամասերը: