1in.am-ին տված հարցազրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակառուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշել է՝ Հայաստանում պաշտոնյաների՝ ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու օրենսդրական սահմանափակումները շրջանցվում են այն առումով, որ պաշտոնյաների բարեկամներն են տարբեր ձևերով ներգրավվում այդ բիզնեսներում: Քանի որ Հայաստանում օրենքով արգելվում է բիզնեսով զբաղվելը, իրական սեփականատերերին հայտնաբերելը դառնում է քաղաքական խնդիր: Հարց է առաջանում ինչպե՞ս և ո՞վ պետք է բացահայտի և զրկի նրանց այդ բիզնեսներից:

Եթե քաղաքական կամք լինի, պաշտոնյան հստակ կասի, թե որոնք են իր և իր բարեկամի բիզնեսները, որից հետո չի խոչընդոտի, որ լրատվամիջոցները և ՀԿ-ները այդ բիզնեսները պահեն ուշադրության կենտրոնում ու հետևեն, որ չխախտվեն արդար խաղի կանոնները՝ նրանք անընդհատ չհաղթեն մրցույթներում, անընդհատ մեկ անձից գնումներ չկատարեն, չոչնչացնեն այլ բիզնեսներին, մրցակիցներին դուրս չմղեն:

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ քաղաքական կամքի դեպքում կունենանք հետևյալ շղթան, որը ենթադրում է համակարգված պայքար կոռուպցիայի դեմ և տնտեսական մոդելի փոփոխություն

  • Շարքային քաղաքացին, գործարարը բարձրաձայնում է խնդիրը:
  • Խնդիրը դառնում է լուրջ նյութ լրատվամիջոցներում, ՀԿ-ներն են բարձրացնում խնդիրը: Օրինակ, ԹԻՀԿ-ը, կատարելով ուսումնասիրություններ, վեր է հանում տենդենցները և ավելի համակարգված ձևով կներկայացնի գնումների ոլորտում եղած պատկերը:
  • Ընդդիմությունը դա օգտագործվում է ՝ թերությունները վեր հանելու և ընտրություններում ավելի շատ ձայն ստանալու համար:
  • Համապատասխան պետական մարմինները՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժովը, իրավապահ մարմինները դիմում են համապատասխան քայլերի՝ հասնում են նրան, որ այդ խախտումները պատժվեն: Մինչդեռ իրավապահ մարմինների ղեկավարները, որ կատարում են քաղաքական ղեկավարության հրամանները, երբեմն իրենք են ներգրավված բիզնեսներում: