Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի հետ քննարկում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անելիքները և նոր Ընտրական օրենսգրքի առաջ բերած խնդիրները։ «Քաղաքացի դիտորդի» հիմնական թիրախը ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելությունն է և դրա հետ կապված իրավական խնդիրների բողոքարկումը` նախատեսելով 500 դիտորդի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 18-ի ու հոկտեմբերի 2-ի ընտրություններում փակել մոտ 240 ընտրատեղամաս: Թեժ կետերը կլինեն Գյումրին, Վանաձորը, որոշակի չափով՝ Սիսիանը, Գառնին:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ամեն ինչ անելու է, որ փորձի ընտրական համակարգը կայացվի Հայաստանում, և որ իշխանությունը ձևավորվվի ընտրությունների միջոցով: Ըստ Արմեն Գրիգորյանի՝ ՏԻՄ ընտրությունները բոլոր կոմպոնենտներով կարևոր են առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: ՏԻՄ ընտրությունները թեստ են բոլորի՝ կուսակցությունների, իշխանությունների, քաղաքացիական հասարակության համար: Սա թեստ է կուսակցությունների համար՝ հասկանալու, թե ինչ ուժով ու ներկայացվածությամբ են կարողանալու մասնակցել ընտրություններին: Թեստ է իշխանությունը պահելու համար, քանի որ վերջին տարիներին իշխանությունը լուրջ շոկեր է ապրել: Քաղաքացիական հասարակության համար նույնպես թեստ է դիտորդների բանակը մեծացնելու առումով, որ 2017 թ. հնարավոր լինի փակել ողջ հանրապետության ընտրատարածքները մոտ 4000 դիտորդով: