Արձագանքելով ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերում քննարկված հարցերի և տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ կառավարության 2016 թ. օգոստոսի 18-ի նիստում ունեցած ելույթին՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակառուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Ազատությանը տված հարցազրույցում ասել է, որ չնայած Հայաստանում իշխանությունների կողմից շարունակ հայտարարվող հակակոռուպցիոն պայքարին, նախորդ մեկուկես տասնամյակում այդ ուղղությամբ ոչ միայն որևէ առաջընթաց չկա, այլ իշխանությունն օգտագործվում է հարստանալու համար:

«Խոսքը գործ չի դառնում», - ասել է Հոկտանյանը՝ նշելով, որ Հայաստանում հաստատված է օլիգարխիկ համակարգ, և գործ ունենք կոռուպցիայի ամենատհաճ տեսակներից մեկի հետ, որը կոչվում է պետության զավթում: 2003-ից առ այսօր, փոքր տատանումներից բացի, ոչ մի փոփոխություն չենք տեսնում ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթվում: Մինչդեռ հարևան Վրաստանում եղել են որակական և քանակական կտրուկ փոփոխություններ:

Բարձրաստիճան պաշտոնյաներին արվող բազմամիլիոն նվիրատվությունները վաղուց նորություն չեն, ինչում պետք է խառնվեն իրավապահ մարմինները: Քաղաքական կամքի դեպքում՝ Հատուկ քննչական ծառայությունը, տեսնելով ասենք, տարօրինակ նվիրատվություններ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում, կարող է փորձի հասկանալ, թե որտեղից են այդ գումարները: Ասենք, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, նախորդ 5 տարիներին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ով 2008-ից նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարն էր, ստացել է ավելի քան 3 միլիոն դոլարի նվիրատվություն ու երբևէ չի ներկայացրել իր տիկնոջ ունեցվածքի մասին հայտարարագիր:

Տես Ազատության նյութը: