2016 թ. հունիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել «Կոռուպցիոն ռիսկեր պաշտպանության ոլորտում. նոր հետազոտության ներկայացում» թեմայով մամուլի ասուլիս: Բանախոսներն են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը և ԹԻՀԿ գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը: Պաշտպանության ոլորտը առանձնանում և կարևորվում է, քանի որ նրանով է պայմանավորվում է մեր ազգային անվտանգությունը: Ըստ Սոնա Այվազյանի՝ «Ապրիլին մենք ականատես եղանք, թե պաշտպանության ոլորտում կոռուպցիան ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ՝ ոչ միայն պետական բյուջեի վրա ազդել կամ խտրական դրսևորումներ ունենալ, այլև կարող է կյանքեր արժենալ»:

Սոնա Այվազյանի կարծիքով «Պաշտպանության նախարարությունը բաժնեմաս ունի 11 ձեռնարկություններում, սակայն մենք գաղափար չունենք, թե ինչպիսի ծախսեր ու եկամուտներ ունեն այդ ձեռնարկությունները: Դրանց տվյալները որևէ տեղ չեն հրապարակվում: Դուք լսել եք «Հայրենիք» և «Մարտիկ» հիմնադրամների մասին, առաջինը օգնում է ՊՆ արտաբյուջետային միջոցներով, իսկ «Մարտիկ» հիմնադրամի մասին առհասարակ, մութ է ամեն ինչ, որտեղից են գոյանում, ինչ ուղղություններով են ծախսվում միջոցներըր: Ինչ կապ ունեն բարձրաստիճան պաշտոնատար անձինք դրա հետ, ինչպես են նրանք հավաքում այդ գումարները: Դա կարող է տարրական լինել կամ փողերի լվացման հնարավորություն կամ պարզապես շորթման՝ տարբեր մարդկանցից և հիմնադրամի ստեղծման, որի նպատակն էլ շատ կասկածելի է»:

Արտակ Մանուկյանի տվյալներով, ուսումնասիրել են մեկ անձից գնումները, ուր կան մի շարք ռիսկային պայմանագրեր: Օրինակ` տպագրություն է իրականացվում փոխկապակցված ընկերություններից` «Հենակետ» ՓԲԸ և «Զինառ» ՓԲԸ: Այստեղ «Հայ զինվոր» թերթի տպագրությունը ներառված չէ, այսինքն, բացի դրանից էլի ինչ-որ տպագրություն է իրականացվում, որը տեսանելի չէ:

Տես Մեդիա կենտրոնի մամուլի հաղորդագրությունը և մամուլի ասուլիսի լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներում՝ Առավոտ, Ազատություն, Պանորամա, Newsline.am, Epress.am, Երկիր, mamul.am, Չորրորդ իշխանություն, a1plus