Ս.թ. հունիսի 23-ին Երևանում կայացած Համընդհանուր իրավունքների ամենամյա մրցանակաբաշխության օրը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն արժանացել է «Ազատության պաշտպան» մրցանակին ազատ և արդար ընտրությունների և օրենքի գերակայության հաստատման ուղղված իր ջանքերի համար: Մրցանակը շնորհվել է միջազգային հանրությունը ներկայացնող ԱՄՆ և Բրիտանական դեսպանությունների, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Եվրախորհրդի երևանյան գրասենյակի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից:

Մրցանակը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներին է հանձնել Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Դեսպանը նշել է, որ տեղական դիտորդները ուղղակի ներդրում ունեն մարդու իրավունքների առաջխաղացման և պաշտպանության համար: Նա նաև ավելացրել է, որ դիտորդական առաքելությունը կարող է բարելավել ընտրական մշակույթը և ապահովել ընտրությունների թափանցիկությունը:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որը ստեղծվել է 2013 թվականի մայիսին: Նախաձեռնության կազմի մեջ են մտնում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Իրավունքի Եվրոպա միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունները:

Տես Ֆոտո պատմությունները: