Ապրիլյան պատերազմը վերստին հիշեցրեց, որ կոռուպցիան է մեր երկրի ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքը: Այդ կապակցությամբ ԳԱԼԱ-ն անդրադառնալով պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի հարստացմանը, նշում է, որ իրական քայլեր չեն ձեռնարկվում հասկանալու՝ ինչպես է ստացվում, որ ոչ շատ բարձր աշխատավարձ ստացող պետական պաշտոնյաները խոշոր կարողության տեր են դառնում, իրենց ֆինանսական միջոցները շրջանառության մեջ դնում, փոխառության տալիս, գործընթացից խոշոր եկամուտներ ստանում և այլն:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշել է, որ խնդիրը ոչ թե այն է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները տոկոսով փող են տալիս, այլ, թե այդ փողը, որ տալիս են, արդյոք իրենց ստացած աշխատավարձից են կուտակել, թե ոչ: «Մենք իրավունք ունենք պահանջելու՝ իսկ որտեղի՞ց այդ փողը, որ դուք փոխառության եք տալիս»,- ասել է Հոկտանյանը:

ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի Հոդված 27-ը սահմանում է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է ընդունել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, որ քրեական իրավախախտում ճանաչվի, ասենք, ապօրինի հարստացումը, ինչը հիմք կտա իրավապահներին ցանկացած պաշտոնյայի հայտարարագիր քննության առարկա դարձնել:

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ կոնվենցիայի Հոդված 27-ը ուղղակի հնարավորություն կտա իրավապահ մարմիններին այդ հոդվածն օգտագործել ու սկսել քրեական գործ հարուցել և ուսումնասիրել՝ որտեղի՞ց նրան այդ հարստությունը: «Անուղղակի տարբերակը հետևյալն է. մարդը եթե ապօրինի հարստացել է, ուրեմն ինչ-որ հանցագործություն է արել, ուրեմն պետք է փորձել բացահայտել այդ հանցագործությունը կամ հանցագործությունները և բռնել հանցանքի պահին: Երկու տարբերակն էլ, իհարկե, շատ լավ կլինի, որ կիրառվի: Հայաստանը չի քրեականացրել ապօրինի հարստացումը, և փաստորեն մնում է երկրորդ՝ անուղղակի տարբերակը, որ ունենալով այդ տվյալները՝ փորձեն արդեն ուսումնասիրել անձի գործունեությունը և բռնել հանցանքի պահին»:

Վարուժան Հոկտանյանը թերահավատություն է հայտնում իրավապահ մարմինների գործողությունների կապակցությամբ, ասելով՝ «Ոչ ուղղակի, ոչ անուղղակի չեն ուսումնասիրի, որովհետև եթե ուսումնասիրող լինեին, մինչև հիմա կուսումնասիրեին»:

Տես ԳԱԼԱնյութը: