Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Թերթ.am-ի հետ զրույցում ասել է, որ վարչապետի՝ պետական ապարատի կրճատման, շահերի բախման ինստիտուտի ներդրման և կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությունը պայմանավորված է ծանր վիճակի գիտակցմամբ, որ իսկապես պետք է ինչ որ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Նման հայտարարությամբ վարչապետը պետք է հանդես գար իր պաշտոնավարման ամենասկզբում և գործուն քայլերով վճռականություն ցուցաբերեր: Ըստ Հոկտանյանի՝ այս պահի դրությամբ գոհացուցիչ չէ նաև կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությունը. չկա քաղաքական կամք՝ չկա արդյունավետ պայքար:

Տարիներ շարունակ ԹԻՀԿ-ը բարձրաձայնում է Հայաստանում ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) ցածր արժեքի, պետական գնումներում մեկ անձից ձեռքբերումների մեծ տեսակարար կշռի, շահերի բախման ինստիտուտի չարաշահման մասին, սակայն պետական մարմինների կողմից կարծես թե քար լռություն է տիրում: Հոկտանյանը կարևորում է անպատժելիության մթնոլորտի վերացումն ու գործող օրենքների արդյունավետ կիրառումը՝ հույսը չդնելով, որ միայն օրենքների փոփոխությունը կարելի է մեծ փոփոխություններ արձանագրել: Եթե լուրջ պետություն ենք, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ ֆինանսների նախարարությունը պետք է, որ վաղուց ունենային մենաշնորհներն ուսումնասիրելու առաջադրանքը և մինչև ուղն ու ծուծը ուսումնասիրած լինեին դրանք: Հայաստանին իրական ու դրական փոփոխություններ են անհրաժեշտ:

Տես նաև Թերթ.am-ի նյութը: