Դպրոցներում վերջին զանգի պատրաստություններին զուգահեռ սկսվել են դրամահավաքներ: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) վերջին շաբաթվա ընթացքում ահազանգեր է ստացել Երևանի մի շարք դպրոցների ծնողներից, որոնք, իրենց ձրակերպմամբ, գումարներ են հավաքում «տնօրենին տալու համար»: Այդ մասին ասել է ԹԻՀԿ հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը Սիվիլնեթին տված հարցազրույցում: Նա մասնավորապես նշել է, որ հասկանալի չէ, թե ինչի համար 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարաններից զուտ ավարտական լինելու փաստով հավաքվում են գումարներ (որ ո՛չ ինչ որ միջոցառնման ծախսեր են, ո՛չ էլ նվեր):

ԹԻՀԿ-ը դպրոցում դրամահավաքների հետ կապված դիմել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Դատելով ԹԻՀԿ ստացած ահազանգերից՝ դպրոցներում դրամահավաքը համատարած բնույթ է կրում, և կա լուրջ համակարգային խնդիր, որին պետք է նախարարն արձագանքի: Ըստ Դիանա Տեր-Ստեփանյանի՝ նախարարը հարցացրույցներից մեկում նշել էր, որ մեկ-երկու տնօրենների պատժելը գուցե մյուսներին ինչ-որ ձևով սաստի: