Շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ իշխանություններին կոչ են անում նոր Ընտրական օրենսգրքում ամրագրել քվեարկությանը մասնակցած մարդկանց անունների հրապարակումը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները սա համարում են մի շարք ընտրակեղծիքներ կանխող մեխանիզմ։

Նախաձեռնությանը միացած Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը եզրակացրել է, թե ինչու է իշխող հանրապետականն այսպես կտրուկ մերժում այս պահանջը: «Ցանկալի արդյունքները ստացվում են բացակա անձանց փոխարեն քվեարկությամբ: Հերքում են, որ դրանք մերկապարանոց հայտարարություններ են, որ սուտ են: Ես դա կարող եմ հերքել միայն իմ օրինակով: Հանրաքվեի օրը իմ փոխարեն քվեարկել են իմ տեղամասում: Ով որ իբրև թե քվեարկել էր իմ փոխարեն, նա քվեարկությանը ընդհանրապես չէր մասնակցել: Դա ես պարզել եմ զուտ իմ սիրողական հետաքրքրությունը բավարարելու համար»:

Հերիքնազ Տիգրանյանը մատնացույց է անում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրերս հրապարակած զեկույցը, որն ընդգծում է ցուցակների հրապարակումն արգելված չէ միջազգային իրավունքով: Ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումն, ըստ Տիգրանյանի՝ քիչ թե շատ վստահություն կապահովի: Այդ գործիքը պետք է օրենքով ամրագրվի: Այլապես, ցանկացած քվեարկություն, այդ թվում՝ էլեկտրանային քվեարկություն, կդառնա անարդյունավետ և նորից կասկածելի: