Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը նշել է, որ ուսումնասիրելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի ցուցանիշները՝ կարելի է ասել, որ ՀՀ կառավարությունը ձախողել է իր խոստումներն ու քայլերը: «Ասվում է, որ աղքատության վիճակը բարելավվել է, նույն հաշվետվության մեջ գրված է նաեւ՝ 2008 թ. համեմատ 2,6 տոկոսով տեղի է ունեցել աղքատության մակարդակի բարձրացում այն ֆոնի վրա, որ մենք ինչ-որ առումով տնտեսական աճեր ենք գրանցում: Կառավարության մատնանշած տնտեսական աճը, փաստորեն, չի անդրադառնում աղքատության մակարդակի վրա:

Ըստ Արտակ Մանուկյանի, այս նոր վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում իրականացվող աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրերն իրենց նպատակին չեն ծառայել: «Դոնորներից էին փողեր բերում, բայց 2008 թ. համեմատ ունենք անկում, ուստի հարց է ծագում՝ ի՞նչ իմաստ կա այդ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրն ընդունել, երբ աղքատությունը կրճատվելու փոխարեն ավելանում է: Սա երկու բացատրություն ունի. կամ եկամուտների մեծ անհավասարություն կա, այսինքն մեծահարուստների կենսամակարդակը միշտ էլ կարող է աղքատների կամ միջին խավի ներկայացուցիչների համեմատ չտուժի, դրա համար իրենք տնտեսական աճը զգում են, բայց մյուսները չեն զգում: Երկրորդն այն է, որ այս բանաձեւում պետությունն է հիմնական մեղավորը, քանի որ պետությունն ունի սոցիալական ֆունկցիա, որը նշանակում է սոցիալական քաղաքականության միջոցով, օրինակ, աղքատների համար անվտանգության որոշակի բարձիկներ ստեղծել, որպեսզի նման ճգնաժամային իրավիճակներում կարողանան գոյատեւել, ինչը մենք ձախողել ենք»:

Տես ԳԱԼԱ-ն: