Ըստ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ)՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ սահմանադրական փոփոխությունների գնալու որոշումն ընդունվել է միանձնյա, չեն բերվել գործող Սահմանադրության ձախողման օրինակներ և չի ձևավորվել քաղաքական կոնսոլիդացիա: Նրա կարծիքով՝եթե կոնսոլիդացիան ձեռք է բերվում մեկ օրում խորհրդարանում թվով երկրորդ կուսակցության ուժը չեզոքացնելու ճանապարհով, «ոչ» ասողների հանդեպ հաշվեհարդար տեսնելու ճանապարհով, բնականաբար, այստեղ ոչ թե կոնսոլիդացիա կա, այլ վախ և հաշվեհարդար։ Այս իրավիճակում իշխանությունը փորձում է իր գաղափարը առաջ տանել ցանկացած գնով։

ԹԻՀԿ կարծիքի համաձայն՝ լուրջ մտահոգություններ կան, որ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները գործել են շահերի բախման իրավիճակում, քանի որ ինն անդամներից վեցն անմիջականորեն կախված են գործող նախագահից: Ավելի կոնկրետ՝ հանձնաժողովի անդամներից երկուսը ՀՀ նախագահի կողմից ղեկավարվող՝ իշխող ՀՀԿ անդամներ են (մեկը նաև ընգրկված է ՀՀԿ խորհրդում և ՀՀԿ գործադիր մարմնում): Երկուսը ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ են և պաշտոնավարում են նախագահի անմիջական վերահսկողության ներքո: Հանձնաժողովի մեկ այլ անդամ ղեկավար պաշտոն է զբաղեցնում Երևանի պետական համալսարանում, որի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախագահն է: Հանձնաժողովի անդամներից է նաև ՀՀ գլխավոր դատախազը, որն իր պաշտոնում ընտրվել է ՀՀ նախագահի առաջադրմամբ ԱԺ-ի կողմից, որտեղ խորհրդարանական մեծամասնություն է կազմում ՀՀ նախագահի ղեկավարած կուսակցությունը՝ ՀՀԿ-ն: Ուստի, միանգամայն բնական է, որ տվյալ հանձնաժողովի կողմից առաջարկվող բարեփոխումներն ավելի շուտ նախագծված են ծառայելու գործող նախագահի, քան ժողովրդի ու հասարակության շահերին:

«Մեզ համար ամենաանընդունելին, որտեղ կա շահերի բախում, Սահմանադրական դատարանի նախագահի դերակատարությունն է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական hանձնաժողովում` որպես հանձնաժողովի նախագահ։ Ի վերջո եթե մենք վաղը գնանք սահմանադրական հանրաքվեի, և որևէ մեկը դժգոհություն ունենա արդյունքների վերաբերյալ, ինչպե՞ս կարող է Սահմանադրական դատարանը, որի նախագահը արդեն իսկ հանձնաժողովի անդամ է, լինել օբյեկտիվ, անաչառ։ Կամ չկա՞ արդյոք ողջամիտ կասկած, որ նա կարող է կանխակալ լինել նման հանրաքվեի նկատմամբ», ասել է Հերիքնազ Տիգրանյանը։

Կազմակերպության համար առավել մտահոգիչ է այն, որ հանրաքվեն անցկացվելու է ընտրական համակարգի նկատմամբ հայաստանցիների անվստահության մթնոլորտում։ Ըստ Հերիքնազ Տիգրանյանի, իշխանությունները մեկընդմիշտ կարող էին ցրել այս կասկածները, եթե հրապարակեին ընտրողների ստորագրած ցուցակները։

Տես հարցազրույցը Ազատություն ռադիոկայանի կայքէջում: