Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) «Օրինավորության խթանումը ՀՀ պաշտպանության համակարգում» ծրագրի շրջանակում ս.թ. հոկտեմբերի 7-8-ին անց է կացվում «Կոռուպցիոն ռիսկերը և հասարակական վերահսկողությունը պաշտպանության համակարգում» ինտերակտիվ դասընթաց, որ վարում են Թրանսփարենսի Ինթերնեշնլ Միացյալ Թագավորության (ՄԹ) ներկայացուցչության Պաշտպանության և անվտանգության ծրագրի ղեկավար Կատրին Դիքսոնը և ծրագրի պատասխանատու Ստեֆանի Նայսենը: Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԹ Հակամարտությունների, անվտանգության և կայունության հիմնադրամի կողմից Երևանում Բրիտանական դեսպանատան միջոցով: Դասընթացն ուղեկցվում է վարժություններով, խմբային քննարկումներով, դերախաղով, առաջարկվել են լուծումներ և գործողությունների ծրագիր:

Դասընթացի ժամանակ արծարծվել են օրակարգի հետևյալ հարցերը՝ կոռուպցիան Հայաստանում և ԹԻՀԿ գործունեությունը, կոռուպցիան պաշտպանության համակարգում ու ՄԹ Պաշտպանության և անվտանգության ծրագրի գործունեությունը, կառավարության պաշտպանության ոլորտի օրինավորության համաթվի շրջանակներում դիտարկվող խնդիրները, գնումները և ակտիվների կառավարումը, բերելով լավագույն փորձի օրինակներ: Դասընթացի մասնակիցներն անդրադարձել են նաև ազգային անվտանգության, պաշտպանության նախարարության վրա ներգործության և այլ հարցերի: