Կարճվել է փաստաբան Տիգրան Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը։ Ս.թ. օգոստոսի 18-ին քաղաքացիական հասարակության 26 կազմակերպություն հայտարարություն էին տարածել փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կողմից հարուցված քրեական գործի առնչությամբ: Նրանք պահանջում էին անհապաղ դադարեցնել Տիգրան Հայրապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնող քննիչին (քննչական խմբին, դատախազին) ենթարկել պատասխանատվության և արդյունքների մասին հայտնել հանրությանը։

Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի օգոստոսի 25-ի հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի վարույթում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում որոշում է կայացվել կարճել ՀՔԾ քննիչի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով (գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը) հարուցված քրեական գործի վարույթը և քրեական հետապնդում չիրականացնել փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: