Ս.թ. օգոստոսի 26-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը մասնակցել է Հանրային քաղաքականության վերլուծության և երկխոսության Ապելլա Ինստիտուտ ՀԿ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կազմակերպած «Մարդու իրավունքի դրույթները Սահմանադրության փոփոխությունների նախագծում» կլոր սեղան քննարկմանը: Նա բանախոսել է «Սոցիալական իրավունքները նոր Սահմանադրության նախագծում» թեմայով: Մասնագիտական այս քննարկման ժամանակ նա անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին և մարդու սոցիալ-տնտեսական իրավունքների վերաբերյալ հոդվածներին՝ համադրելով նախագծով նախատեսված դրույթները գործող սահմանադրության տեքստի հետ՝ ներկայացնելով դրական և բացասական փոփոխությունները: Հերքինազ Տիգրանյանն անդրադարձել է այն փաստին, որ առողջության պահպանման, զբաղվածության խնդրին և սոցիալական այլ իրավունքների վերաբերող բազմաթիվ կետեր սահամանդրական մակարդակով ամրագրվելու փոխարեն իջեցվել են օրենքի մակարդակ։

«Այն, ինչը պետությունը չի կարող ապահովել, ապա այդ բեռը ինքն իր վրա չի վերցնում։ Սա վերաբերում է նաև աշխատանքի իրավունքին։ Եվ գործող սահմանդրությունը սա չունի և նախագիծը դա չունի, որ մարդը ունի աշխատանքի իրավունք։ Ինչու՞։ Քանի որ դա կառաջացներ հանդիպակաց պարտականություն պետության համար՝ մարդուն ապահովել այդ աշխատանքով։ Այլ ամրագրվել է շատ ավելի անմեղ դրույթ, որ մարդն ունի աշխատանքի ընտրության ազատություն»։

Ըստ Տիգրանյանի՝ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարելի է անվանել «իրավիճակային սահմանադրություն», քանի որ չունի հեռանկարային, զարգացող երկրին հատուկ հատկանիշներ: Եթե նախագիծն իրավիճակային է, ապա սահմանադրական անվանվել չի կարող։ Եթե նախագծում կան անգամ որոշ դրական դրույթներ, համակարգի ցանկացած փոփոխություն անընդունելի է, որովհետև փոփոխությունների միակ նպատակը կայուն մեծամասնության ապահովումն է, վերջնական նպատակը՝ իշխանության վերարտադրում է:

Նույն օրը Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցում Տիգրանյանը նշել է. «Փաստորեն Սահմանադրությունում ամրագրվում է այն, ինչն այսօր մենք ունենք մեր երկրում։ Ըստ էության, գաղտնիք չէ, որ մեր քաղաքական ներկապնակը շատ տարբեր գույներ չունի, կա միակուսակցական կառավարում, և դա ամրագրվում է Սահմանադրությամբ։ Երկրորդ փուլ մտցնելու գաղափարը ի չիք է դարձնում կուսակցությունները խոշորացնելու, կուսակցական դաշտը բազմազան դարձնելու բոլոր հնարավորությունները, փոխարենը ստեղծում է մեկ գերիշխող կուսակցություն և գուցե մեկ արբանյակային կուսակցություն, որի հետ կգնա երկրորդ փուլ, իսկ դա ի վերջո կհանգեցնի միակուսակցական համակարգի»։

Հերիքնազ Տիգրանյանի բանախոսությունը՝ 51:27 րոպեից: