Ս.թ. օգոստոսի 25-ին տեղի է ունեցել քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետներ Քրիստոֆ Գրաբենվարթերի (Ավստրիա), Այվարս Էնձինշի (Լատվիա) և Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Սիմոնա Գրանատա Մենղինիի (Իտալիա) հետ, ովքեր Հայաստանում են սահմանադրական բարեփոխումների գործընթացին օժանդակելու նպատակով: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը և իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը մասնակցել են Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ այդ քննարկմանը: Սոնա Այվազյանն իր ելույթում ներկայացրել է Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ԹԻՀԿ դիտարկումները՝ ամփոփելով քաղաքացիական հասարակությանը մտահոգող մարտահրավերներն ու սպառնալիքները:

Հանձնաժողովը Սահամանադրության նոր նախագծի մասին վերջնական գնահատական կտա հոկտեմբերի 26-28-ին։ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների համոզմամբ նրանք այդ այցի ընթացքում տպավորություններ են հավաքում և նոր տեղեկություններ ստանում, որոնք հաշվի են առնվելու նոր փաստաթղթում:

Ինչպես գիտենք, 2013 թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի սահմանադրական դատարանի Նախագահ Գագիկ Հարությունյանը, որպես Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի համակարգող, ՀՀ Նախագահի անունից դիմել է Հայաստանի Սահմանադրության վերանայման գործընթացում Վենետիկի հանձնաժողովի աջակցությանը: Ստեղծվել է զեկուցողների աշխատանքային խումբ` կազմով ` Բարտոլե, Էնձինշ, Գրաբենվարթեր, Խաբրիևայ, Տանչև և Տուորի: