2015թ. հուլիսի 30-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն (ԹԻՀԿ) անցկացրել է փորձագիտական փակ քննարկում կազմակերպության կողմից պատրաստված «Պետական գնումների աուդիտի վերաբերյալ ուղեցույցի» նախնական տարբերակի շուրջը: Քննարկման ընթացքում ԹԻՀԿ հանրային գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը ներկայացրել է իր կողմից մշակված ուղեցույցի նախնական տարբերակը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Վերահսկիչ պալատի (այդ թվում պալատի խորհրդի երեք անդամներ) և գերմանական GIZ կազմակերպության ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում աջակցություն են ցուցաբերում Վերահսկիչ պալատին նրա կարողությունների զարգացման հարցում: Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն լրամշակել ուղեցույցը և ներկայացնել շահագրգիռ կողմերին:

Քննարկումը կազմակերպվել էր « Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի տեղեկանքի որակի բարելավմանն ուղղված ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում էր ԹԻՀԿ-ի կողմից՝ ԱՄՆ «Բյուջեի և քաղաքականության առաջնահերթությունների կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն էր նպաստել պետական բյուջեի ձևավորման և կատարման գործընթացների ավելի հաշվետու և վերահսկելի ընթացակարգերի ներդրմանը: